Wednesday, November 8, 2017

Լեզուներ



Աշխարհում կա շուրջ երեք հազար լեզու: Կան լեզուներ, որոնցով խոսում են տասնյակ և նույնիսկ հարյուր միլիոնավոր մարդիկ՝ չինարենը, անգլերենը, իսպաներենը, ռուսերենը, ճապոներենը, գերմաներենը, ֆրանսերենը, իտալերենը և այլն: Կան լեզուներ, որոնցով խոսում է միայն մի բանի հազար կամ նույնիսկ մի քանի հարյուր մարդ: Հայերենը խոսողների քանակով միջին տարածման լեզու է. նրանով խոսում է ութ միլիոնից ավելի մարդ:
Աշխարհի լեզուները կազմում են ցեղակցական տարբեր խմբեր կամ, ինչպես ընդունված է կոչել, լեզվընտանիքներ: Լեզվընտանիքը ցեղակից, այսինքն` միևնույն աղբյուրից ծագած լեզուների խումբ է: Հայերենը, ռուսերենը, անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իտալերենը, իսպաներենը, պարսկերենը և շատ ուրիշ լեզուներ կազմում են հնդեվրոպական, թուրքերենը, ադրբեջաներենը, ուզբեկերենը, ղազախերենը, թուրքմեներենը և այլ լեզուներ` թուրքական, ֆիններենը, հունգարերենը, կարելերենը և այլ լեզուներ` ֆիննաուգրական լեզվընտանիքները: Կան նաև ուրիշ լեզվընտանիքներ:
Լեզվընտանիքների մեջ մտնող լեզուները ցեղական տարբեր մերձավորություն ունեն: Այսպես`միայն իր մայրենի լեզվով`ռուսերենով խոսողը կարող է բավական լավ հասկանալ ուկրաիներեն կամ բելոռուսերեն խոսողին, ավելի քիչ կհասկանա լեհին, չեխին, բոլորովին չի հասկանա հային: Ըստ ցեղակցության աստիճանի` լեզվընտանիքի մեջ մտնող լեզուները կազմում են ճյուղեր, այդ ճյուղերը` ենթաճյուղեր և այլն: Հնդեվրոպական լեզվընտանիքի մեջ հնդկական (հինդի, բենգալերեն և այլն) և իրանական (պարսկերեն, տաջիկերեն, քրդերեն և այլն) լեզուները կազմում են հնդիրանական ճյուղը, ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը, լեհերենը, չեխերենը, բուլղարերենը և մի քանի ուրիշ լեզուներ` սլավոնական ճյուղը, գերմաներենը, անգլերենը, հոլանդերենը, շվեդերենը, դանիերենը և մի քանի ուրիշ լեզուներ`գերմանական ճյուղը, իտալերենը, պորտուգալերենը, ֆրանսերենը, իսպաներենը և մի քանի այլ լեզուներ` ռոմանական ճյուղը և այլն: Հայերենը ինքնուրույն ճյուղ է կազմում և մերձավոր ցեղակիցներ չունի:

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09