Նորաշեն-Ծովազարդ գյուղամիջյան հին ճանապարհի աջ կողմում՝ Մեծեփից 5 կմ հեռավորության վրա, պահպանվել է մ.թ.ա. II-I հազ. ամրոցը, որի միջնաբերդի պարիսպները ձգվում են շուրջ 400 մ: Պարիսպների վրա բարձրանում են 11 քարաբուրգերի հիմքեր: Կացարանների հետքերը տարածված են ամենուր: Ենթադրվում է, որ ամրոցը եղել է Իշտիկունու ամրոցախմբի հարավարևելյան բերդը: Ամրոցի ստորոտում մ.թ.ա. II-I հազ. դամբարանադաշտ է:
Գյուղի մեջ են գտնվում XI-XII դդ. եկեղեցու ավերակները: Պահպանվել են միայն հատակագծում ուղղանկյուն, արևելյան խորանով կառույցի՝ բազալտով շարված հիմնապատերը: Եկեղեցու շուրջը գերեզմանոց է՝ VII-XVII դդ. բազմաթիվ խաչքարերով և բեկորներով:
Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա է գտնվում Լճաշենի կիկլոպյան ամրոցը: Ամրոցը «Լճաշեն» բնակատեղիի ենթահուշարձան է: Բնակատեղին հայտնաբերվել է գյուղից դեպի արևելք գտնվող լճի ցամաքած տեղում: Այն բրոնզեդարյան ժամանակաշրջանի կացարան է, որից պահպանվել են պատերի մնացորդները: Տարածված է 15 բլուրների վրա և զբաղեցնում է ավելի քան 35 հեկտար տարածություն:
Բնակատեղիից ոչ հեռու` քարաժայռի վրա, պահպանվել է ուրարտական թագավոր Արգիշտի I-ի արձանագրությունը:
Լճաշենի ամրոցն իր նպաստավոր դիրքով իշխում է շրջակայքի վրա: Տարածքը քարքարոտ է, ամրոցն ու շրջակայքը ջրազուրկ են: Ամրոցն ունի երկու միջնաբերդ և 22 մանր ու խոշոր քարաբուրգեր, աշտարակներ: Ամրոցի և միջնաբերդի տարածքը ծածկված է կացարանների ավերակներով: Ամրոցն ու բնակատեղին շրջապատված են եղել խոշոր բազալտ ժայռաքարերի բեկորներով կառուցված բարձր ու լայն պարիսպներով: Պարսպի լայնությունը 3.5 մ է, սակայն խոցելի հատվածներում և միջնաբերդի մուտքերի մոտ նրա լայնությունը հասնում 5.5 մ: Հարավ-արևելյան մասում, որտեղ արտաքինից երևում է ամրոցի ներսը, օգտագործելով բնական կիրճերը, դրանք խորացրել և երկարացրել են` դարձնելով թաքստոց: Ամրոցն իր բազմաթիվ կառույցներով, մուտքերով ու գաղտնուղիներով նման է վերերկրյա լաբիրինթոսի:
No comments:
Post a Comment