Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն հիշեցնում է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են:
Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են զույգ-զույգ, նրանց թաթերից ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները:
Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե ինչ է սպասում մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:
Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ, մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:
Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:
No comments:
Post a Comment