19-րդ դարի սկզբին Արևելյան և Արևմտյան Հայաստանները շարունակում էին մնալ Շահական Պարսկաստանի և Սուլթանական Թուրքիայի տիրապետության տակ, որոնք թե’ տնտեսապես, թե’ զարգացվածության մակարդակով հետամնաց`ավատատիրական երկրներ էին: Հպատակ լինելով Պարսկաստանին և Թուրքիային` հայերը իրավազուրկ էին, ունեին կյանքի և գույքի անվտանգության խնդիր, ենթարկվում էին ազգային և կրոնական հալածանքների, կրում էին ֆիզիկական, հոգեբանական, նյութական վնասներ: Հայերը զրկված էին ամենատարրական իրավունքներից, սակայն ունեին պարտավորություններ` պարտադիր հարկերի վճարման տեսքով: Հայաստանի կացությունը փոխվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն Խանական Պարսկաստանը Արևելյան Հայաստանը զիջեց Ռուսաստանին: Ռուսաստանի կազմում հայտնվելը բազմաթիվ փոփոխություններ առաջացրեց Հայաստանում:
Հողային հարաբերություններ: 19-րդ դարի առաջին տասնամյակում Շահական Պարսկաստանում, հետևաբար նաև նրան հպատակ Արևելյան Հայաստանում երկրի տնտեսությունը առաջ էր գնում Շարիաթի սկզբունքի համաձայն. տնտեսության առանցքային բաղադրիչներն էին գյուղատնտեսությունն (մասամբ նաև արհեստագործությունը), իսկ հողը մեծամասամբ պետական կամ շահի սեփականությունն էր (Հողի սեփականության ձևերից ամենատարածվածի` պետական հողերին պատկանող գյուղերից ստացվող ռենտան` հողի հարկը, ուղղվում էր խանի գանձարան, որը ծառայում էր խանական արքունիքի և ռազմական ծախսերը հոգալու համար): Չնայած նրան, որ երկրում գերակշռում էր հողի սեփականության պետական ձևը, այնուամենայնիվ գոյություն ունեին հողի սեփականության այլ ձևեր` մուլքադրական և թիուլդարական:
No comments:
Post a Comment