Wednesday, September 26, 2018

Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցին (Մարաթացի) սովորել է ծննդավայրում, ապա՝ Սև լեռների Արքակաղին վանքում: Ուսումն ավարտելուց և վարդապետ ձեռնադրվելուց հետո զբաղվել է քարոզչությամբ Ամիթում, ապա՝ Տլուքում: 1198 թ-ին մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ Մեծ արքայի թագադրության հանդեսին: Ենթադրվում է, որ եղել է Լամբրոնի արքեպիսկոպոս և Սկևռայի վանքի առաջնորդ: Ինչ-ինչ պատճառներով հալածվել է և 1208 թ-ին հարկադրված հեռացել վանքից: 1210 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել ու գործել է Սև լեռների Այգեկ (այստեղից էլ՝ Այգեկցի մականունը) վանքում:
Վարդան Այգեկցին գրել է բազմաթիվ ճառեր, թղթեր, խրատներ, կազմել է «Արմատ հավատոն» (1205 թ.), որը հայ և օտար եկեղեցական մատենագրություններից քաղված վկայությունների ժողովածու է: Պայքարել է քաղկեդոնականության դեմ, ջատագովել է հայ ժողովրդի ազգային ու բարոյական նկարագրի անաղարտությունը, քարոզներում ու խրատներում պարսավել է մարդկային արատները, հանդես եկել ժողովրդական խավերի իրավունքների պաշտպանությամբ:
Այգեկցին իր ճառերն ու քարոզները լսելի, ազդեցիկ և ընկալելի դարձնելու համար համեմել է առակներով: Խրատական ճառերում վերամշակել և օգտագործել է «Բարոյախոս» ժողովածուն, Եզոպոսի և հայ ժողովրդական առակներից, ժողովրդի կյանքն ու կենցաղը պատկերող բանավոր զրույցներ, որոնք   փոքրիկ նովելներ են, զվարճալի ու խրատական պատմություններ: Իր մշակած և հեղինակած (ավելի քան 3 տասնյակ) առակներն ու զրույցներն Այգեկցին ամփոփել է առանձին ժողովածուներում: 

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09