Գևորգ Չավուշը (իսկական ազգանունը՝ Ղազարյան) 1886–88 թթ-ին սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով վերածվել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոնի: Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893 թ-ի կռիվներում: 1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում:
1896 թ-ին Գևորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում, ապա միացել է Գուրգենի (Բաղդասար Մալյան) և Հրայրի (Արմենակ Ղազարյան) խմբերին: 1899 թ-ին` Աղբյուր Սերոբի սպանությունից հետո, 1900 թ-ին կազմակերպել է մատնիչ Ավեի, ապա Անդրանիկի հետ՝ քուրդ Խալիլ բեյի սպանությունները: 1901 թ-ի ապրիլին գլխավորել է Բերդակի, իսկ դեկտեմբերին՝ Նորշենի կռիվները, որոնք կարևոր տեղ ունեն հայդուկային շարժման պատմության մեջ: 1901 թ-ի նոյեմբերին մասնակցել է նաև Մշո Սբ Առաքելոց վանքի կռվին:
No comments:
Post a Comment