Monday, May 20, 2019

Հանրապետության միջազգային դրությունը (1918թ.)

Ինչպես արդեն գիտենք, 1918թ. հունիսի 4-ին Թուրքիայի հետ Բաթումում հաշտություն կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր արտաքին ու ներքին չափազանց ծանր դրության մեջ։ Ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, թուրք-թաթարական շրջափակում, հարյուր հազարավոր գաղթականություն և այլն։
1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը (նախագահ Ա. Ահարոնյան) փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) հետ՝ Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։

Քանի դեռ շարունակվում էր աշխարհամարտը, Անդրկովկասում տեր ու տնօրինություն էին անում Քառյակ միության երկրներից Գերմանիան և Թուրքիան։ Նրանք նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Նրանց համար մեծ գրավչություն ուներ ադրբեջանական նավթը։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվել այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։
Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը՝ Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։
Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09