Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա: Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281–1324 թթ.), 1299 թ-ից անկախ է գործել Ռումի սուլթանությունից:
Օսման բեյի նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը (Օսմանյան), բնակիչները՝ թուրք-օսմաններ: Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թ-ին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը: Նրա որդին՝ Օրհան բեյը (1324–59 թթ.), գրավել է Բուրսան (Բրուսա) և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք (Նիկիա), Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է (1356 թ.) Անկարա քաղաքը:
No comments:
Post a Comment